ԱՄՆ բառապաշարը բավականին կոշտացել է. հնարավոր է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նախօրեին քննարկված «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն իր երկրի տարածքային ամբողջականության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

«ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար առաջնահերթությունը սահմանների անձեռնմխելիությունն ու ինքնիշխանության պահպանումն է»,- ասել է Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, թե վերջին 5 տարիների ընթացքում ներկա Կառավարությունը դա չի ապահովել:

Անդրադառնալով նախօրեին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների գործընթացներից ՀՀ-ի դուրս մնալու հավանականության մասին հայտարարություններին՝ Տիգրան Աբրահամյանը նկատել է, որ ՀՀ-ն ռեգիոնալ եւ տարածաշրջանային բախումների կիզակետում է հայտնվել. Արեւմուտքը հայտարարություններ է հնչեցնում՝ այդ հարցում մեղադրելով ՌԴ-ին, իսկ ՌԴ-ից նույն հայտարարություններն ու մեղադրանքները հնչում են Արեւմուտքի դեմ:

«Այս սուբյեկտները պետք է փոխեն իրենց մոտեցումները: Այն երկրները, որոնք խնդիրներ ունեն հայաստանյան իշխանությունների հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետեւանքով կտուժի հայ ժողովուրդը: Սա վերաբերում է ե՛ւ ԵՄ-ին, ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ՌԴ-ին. ձեր խնդիրները լուծեք հայաստանյան իշխանությունների հետ. հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհը, դրա ծանր հետեւանքները չպետք է իր վրա զգա հայ հասարակությունը»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Խմբակցության քարտուղարը խոսել է նաեւ Ադրբեջանի՝ արտգործնախարարների հանդիպմանը չմասնակցելու մասին:

«Բանակցային գործընթացի շրջանակում Ադրբեջանը ձեռք բերած պարտավորությունների որոշակի ծավալ չի կատարել: ԱՄՆ-ն՝ որպես միջնորդ պետություն, դա համարել է իր հեղինակությանն ուղղված հարված, ինչի հետեւանքով բառապաշարը բավականին կոշտացել է, նույնիսկ ակնարկ կա՝ Ադրբեջանի կողմից նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել պատժամիջոցների կիրառման: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը նպատակահարմար չի համարում մասնակցել Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը»,- նշել է Տիգրան Աբրահամյանն ու նկատել, որ հակառակորդ երկիրը վերջին 3 տարիների ընթացքում վարքագծային փոփոխություններ է անում ու փորձում նոր պահանջներ հնչեցնել, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում միջնորդների հեղինակության վրա:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նաեւ 44-օրյա պատերազմից հետո առաջացած քաղաքական եւ անվտանգային խնդիրներին, Սամվել Շահրամանյանին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելուն, սահմանային իրավիճակին ու հնարավոր էսկալացիային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել