Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:
Iravaban.net-ը հայտնում է, որ սա կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 91 հոդվածով (փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս)։
Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
- տասնութ տարին չլրացած անձինք,
- ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք,
- գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք,
- օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, այն է ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև տասներկու ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան։