Օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, բախվել էին Nissan և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով մահացել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու, պայմանագրային զինծառայող Աշոտ Հարությունյանը, պայմանագրային 4 զինծառայող ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն»,-նշեցին ՔԿ-ից։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի։