Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ են դառնում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի ՊԲ-ի ցամաքային գործողությունները և շարունակվող ռմբակոծությունները հարվածում են խաղաղ բնակիչներին, հիվանդանոցներին, փախստականների ճամբարներին, մզկիթներին, եկեղեցիներին և ՄԱԿ-ի օբյեկտներին, այդ թվում՝ ապաստարաններին: Ոչ ոք ապահով չէ», – ասել է նա:
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»։ «Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը, դա մարդկության ճգնաժամ է»,- մեկնաբանել է Գուտերեշը։
Նա նաև նշել է Գազայի հատված վառելիքի մատակարարման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընդլայնման սպառնալիքի կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել էսկալացիան։