Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հնարավոր ուղիներից մեկն է․ իսրայելցի պաշտոնյա

Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավոր  ուղիներից մեկն է», ինչին ի պատասխան իշխանություններն ու իսրայելցի քաղաքական գործիչները արդեն դատապարտել են նման հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։

«Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն պատասխանել է, որ «սա հնարավորություններից մեկն է», գրում է հրատարակությունը։

Բացի այդ, քաղաքական գործիչն իր անհամաձայնությունն է հայտնել Գազա ցանկացած մարդասիրական օգնության ընդունման հետ՝ ասելով, որ Իսրայելը հումանիտար օգնություն չի փոխանցի «նացիստներին», և «Գազայում չներգրավված քաղաքացիական անձինք գոյություն չունեն»։

Ըստ հրապարակման՝ ավելի ուշ X սոցիալական ցանցում Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը և գրել, որ ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին խոսքը փոխաբերական է։

Իսրայելի վարչապետի աշխատակազմը սոցցանցերում հայտնել է, որ Էլիահուի խոսքերը «ճիշտ չեն», և որ Իսրայելը և Իսրայելի պաշտպանության բանակը գործում են միջազգային իրավունքի համաձայն՝ անմեղ մարդկանց վնասելուց խուսափելու համար:

Բացի այդ, Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է նախարարի հայտարարությունները և ասել, որ Նեթանյահուն պետք է պաշտոնանկ անի Էլիահուին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել