«Առանց հրաժեշտ տալու մեր վանքերին, մեր «Դեդո-բաբոյին», մեր քաղաքին մեր տունը, մեր հողը թողեցինք, դուրս եկանք»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 16-ամյա Էդուարդ Առուշանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց իր հերթական ագրեսիան և սկսել են արկերով հարվածել՝ դրսում է եղել։

«Հասկացանք, որ կռիվ է, իջանք նկուղ։ Շատ վատ իրավիճակ էր, շատ վախենալու էր։ 2-3 օր մնացինք նկուղում»,-ասում է Էդուարդը։

Նա ցավով ու տխրությամբ նկարագրում է, թե ինչ իրավիճակ է եղել Ստեփանակերտում վերջին օրերին։

«Շատ դժվար իրավիճակ էր, դուրս էինք գալիս քաղաք ամեն տեղ քանդված էր։ Բոլոր մարդիկ եկել էին քաղաք։ Սարսափելի վիճակ էր»,-հիշում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ իրենք Արցախից Հայաստան են եկել շուրջ 4 օր։

«Բանակային կամազով, շուրջ 40 հոգով՝ մեծեր, երեխաներ, մի կերպ հասանք Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամրջի մոտ կանգնեցրին, տղամարդկանց իջեցրին։ Չէի սպասում, որ այսպես կլինի, երբեք չէի մտածել նման բան։ Առանց հրաժեշտ տալու մեր վանքերին, մեր «Դեդո-բաբոյին», մեր քաղաքին մեր տունը, մեր հողը թողեցինք, դուրս եկանք։ Հայաստանը որքան էլ մեր հայրենիքն է, մեկ է, ես կարոտում եմ մեր տունը, մեր հայրենիքը»,-ասում է նա։

Խոսելով  թշնամու առաջարկած վերաինտեգրման մասին՝ Էդուրադը նշում է, որ կվերադառնա Արցախ միայն այն դեպքում, երբ այնտեղ ադրբեջանցիներ չլինեն։

«Այնքան վայրագություններ, այնքան ստոր բաներ են անում իրենք, սովորական մարդկանց, զինվորներին մորթազերծ են անում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ էր կատարվում Արցախում 10 ամիս, միայն արցախցիները։ Դա եղեռն է եղել»,-ասում է նա ու շեշտում, որ շրջափակման օրերն անցել են հացի համար հերթերում։

Էդուարդն ասում է, որ շատ դժվար է եղել, բայց իրենք պատրաստ էին գոյատևել այդ պայմաններում։

«10 ամիս բլոկադայում ենք եղել, բայց ոչ ոք չկար։ Հիմա ի՞նչ ակնկալիք ունենանք միջազգային հանրությունից։ Իսկ Իսրայելում հենց պատերազմ սկսվեց ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին, օգնություն են ուղարկում»,-ասում է Էդուարդ Առուշանյանը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել