«2000 դոլարը Վերմիշյանն իր մտերիմ ընկերոջից խնդրել է որդուն Սլովենիա ուղարկելու համար»․ դրվագի մանրամասները` ըստ ամբաստանյալների և վկաների

Վերաքննիչ դատարանում արդեն իսկ մեկնարկել է Քաղաքաշինության նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննելու է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։ Նախագահող է նշանակվել Սերգեյ Մարաբյանը, կազմում են Մեսրոպ Մակյանը և Կարեն Ամիրյանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է «Ռամադա» հյուրանոցում ենթադրյալ կաշառք վերցնելուն։ Դրվագն առնչվում է նաև Վերմիշյանի ընկերոջը, Ջոն Ֆարխոյանին, որը գործով մեղադրյալներից մեկն է։

Ֆարխոյանը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու, իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Այստեղ խոսքը 2000 ԱՄՆ դոլարի մասին է։

Դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում:

Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այն նկարագրեց որպես գործի «ամենազավեշտալի դրվագ»։ 

«Մենք գործի քննության ընթացքում ունենք անհերքելի ապացույցներ, որ այս 2000 դոլարը Վերմիշյանը Ֆարխոյանից խնդրել է որդուն Սլովենիա ուղարկելու համար, քանի որ այդ պահին բանկային քարտի հետ կապված խնդիր է եղել, փոխանցում կատարել հնարավոր չի եղել։ Խնդրել է, վերցրել և ուղարկել է այդ գումարը։ Ավելին, գործի նյութերում առկա է փոխանցումը հավաստող անդորագիրը։ Նույն ծավալի գումար, այսինքն 2000 ԱՄՆ դոլար ուղարկվել է Սլովենիա՝ Վերմիշյանի որդու անվամբ։ Մեղադրանքը հերքել են և՛ Վերմիշյանը, և՛ Ֆարխոյանը։ Դա հերքվել է նաև հենց այդ վճարման անդորագրով»,-նշում է փաստաբանը։

Այս դրվագում կարևոր է նաև Արթուր Մեսչյանի ցուցմունքը, ով 2018 թվականից մինչև 2020թ. ամառն աշխատել է որպես Երևանի գլխավոր ճարտարապետ: Նա հայտնել է, որ 2019 թվականի ընթացքում իրեն է զանգահարել Վահագն Վերմիշյանը և խնդրել Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցի 39/22, 39/23, 39/24 և 39/25 հասցեների շուրջ 1,2 հա հողատարածքի համար արագացնել նախագծային թույլտվության տրամադրման գործընթացը: 

Մեսչյանը դատարանում հայտնել է, որ Վահագն Վերմիշյանը հիշյալ հողատարածքի վերաբերյալ պարբերաբար շեշտել է, որ խոշոր ներդրումային ծրագիր է, պետական աջակցության ծրագրի մեջ է ընդգրկվել, գտնվում է ՀՀ կառավարության առաջնային ուշադրության տակ, պետք է ուժային կառույցների ծառայողներին բնակարաններ տրամադրվեն: 

Վկան նշել է, որ էսքիզային նախագիծը մինչև նորմատիվ պահանջներին չի համապատասխանեցվել՝ քաղաքապետարանի կողմից նախագծման թույլտվությունը չի հաստատվել: 

«Այստեղ ուշադրության են արժանի նաև պարոն Մեսչյանի ցուցմունքները։ Պարոն Մեսչյանը իր ցուցմունքով հստակ արձանագրել է, որ Վահագն Վերմիշյանի կողմից այդ գործերի նկատմամբ առանձնահատուկ հետևողականություն, վերաբերմունք չի եղել։ Ավելին, նշել է, որ Վերմիշյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն երբեք իրենից առաջ և իրենից հետո այդպիսի բարձր որակի աշխատանք չի կատարել։ Նա դատարանում նշել է նաև, որ անձամբ տեղեկացված է եղել Քաղաքաշինության կոմիտեի կողմից պետական սեկտորի աշխատողների համար ծրագրերի իրականացման մասին։ Անձամբ խնդիրը զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի օգնականն էլ անձամբ իրենից պարբերաբար հետաքրքրվել է էդ նախագծերի ընթացքի վերաբերյալ։ Բնականոն իրավիճակ է եղել, բայց ԱԱԾ-ում դրան շտապել են այլ որակում տալ»,-նշեց փաստաբանը՝ հավաստիացնելով, որ այս դրվագում կաշառքի մասին խոսք լինել չի կարող։

Կոչուբաևն ասաց նաև, որ կոնտեքստից կտրված հատվածներով տարբեր եզրակացություններ են արվել, ԱԱԾ-ն զբաղվել է ոչ թե նախաքննությամբ, այլ «ռեժիսորական աշխատանքով»․ «Այստեղ կարևոր է նշել նաև, որ ԱԱԾ-ի տրամադրված տեսանյութը մոնտաժված է եղել։ Ձայնագրությունը՝ նույնպես։ Մենք անգամ չունենք ամբողջական տեսանյութերը և ձայնագրությունները»։ 

Փաստաբանը համոզված է․ պատշաճ քննության արդյունքում գործով բոլոր մեղադրյալները պետք է արդարացվեն։

Դատարանում այս դրվագին անդրադարձել է նաև հենց Վերմիշյանը։ 2020-ի նոյեմբերի 10-ին նա դատարանում հայտարարել է․

«Ո՞վ ասաց, որ ես Ջոնից 2000 դոլար եմ ստացել։ Ես Ջոնից ավելի շատ եմ ստացել, ես էլ եմ նրան տվել, երբ պետք է եղել, ինքն է տվել։ Դեռ էլի է տալու, իմ ընկերն է։ Ջոնի հետ օրական ամենաքիչը 2 անգամ հանդիպել ենք։ 

Այդ օրը տղաս զանգել էր ասաց, որ տուն պիտի վարձի, ու 1500 եվրո փող էր պետք։ Բնականաբար, ո՛չ դատավորին պիտի զանգեի, ո՛չ էլ դատախազին, իմ ընկերոջը պիտի զանգեի։ Այդ օրերին զոքանչս ծանր վիճակում էր, կինս երկրից մեկնելիս քարտս վերցրել էր, ու իմ մոտ փող չկար։ Ես էլ, բնականաբար, պիտի Ջոնին զանգեի։ Մարդիկ պիտի հիվանդ ֆանտազիա ունենան, որ դա կաշառք համարեն։ Դրա դիմաց ես բյուջեից մի բան պիտի տված լինեի Ջոնին, որ դա կաշառք համարվեր, որևէ տենդեր պիտի տված լինեի, հողամաս հատկացնեի, բայց գոնե մեղադրանքում ասեն, թե ինչ կաշառք եմ ես տվել Ջոնին։ Սա աբսուրդ է»։

Նախաքննական մարմինը նշել է, որ Ջոն Ֆարխոյանը, ճանաչելով և մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Վահագն Վերմիշյանի հետ, նպատակ ունենալով նպաստել իր ընտանիքին պատկանող և որդու՝ Ռաֆայել Ֆարխոյանի անվամբ գրանցված Երևան քաղաքի Աճառյան փողոցի 39/22, 39/23, 39/24 և 39/25 հասցեներում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի շինարարական և կառուցապատման աշխատանքների անխոչընդոտ և դրանց փաստաթղթային ձևակերպումների՝ սեղմ ժամկետներում ապահովման գործընթացը, 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում դիմել է Վահագն Վերմիշյանին։ Գործի նյութերի համաձայն՝ նա խնդրել է Վերմիշյանին օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ աշխատանքների ընթացքը հեշտացնելու համար։

Մեղադրող կողմը պնդում է, որ այս հարցով Վահագն Վերմիշյանը բազմիցս հեռախոսազրույցներ և քննարկումներ է ունեցել Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել