Ինչպես արդեն տեղեկացրել է Iravaban.net-ը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Iravaban.net-ը ստորև ներկայացնում է Արմավիրի Փարաքար համայնքի մահացած ղեկավար Վալոդյա Գրիգորյանի կենսագրությունը.
Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:
1991-2001 թթ. հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը:
2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» մասնագիտությամբ, ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կարատեդոյի մարզչի» որակավորում:
2016-2018թթ. ստացել է Կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կառավարում մասնագիտությամբ:
2022թ.-ին ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։
2004թ. աշխատել է Մերձավանի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ:
2005-2007թթ. աշխատել է Մերձավանի գյուղապետարանում:
2007-2011թթ. աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2011-2016 թթ․ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:
2016թ-2021թ.եղել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:
2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
2021-2025թ․ Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։
2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։