Չի ապահովվել Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստին․ փաստաբանը միջնորդեց, որ այն չկայանա

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 31-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, կայացավ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։

Հաշվի առնելով այն փաստը, որ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստին չէր ապահովվել, Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել։

«Քանի որ Վահագն Վերմիշյանին տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականներն են կարող նրան տեսակցել, ստացվում է, որ ես պատրաստ չեմ, որովհետև չեմ խորհրդակցել Վահագն Վերմիշյանի հետ։ Երբ մենք ստացել ենք վերջնական հայցադիմումը, այդ պահից սկսած, քանի որ առաջին ատյանի գործի քննությունն ավարտված է եղել, ես ֆիզիկապես Վահագն Վերմիշյանին տեսնելու հնարավորություն չունեմ։ Դատավարական կազուս է ստեղծվել, առաջին ատյանում իր մյուս քրեական գործի քննությունն ավարտվել է, վերքաքննիչն էլ վարույթ չի ընդունել, այսինքն այս պահին չունենք վարույթն իրականացնող մարմին։ Նշեմ, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում երևում է, որ բողոքարկվել է, այսինքն քննության էտապ է լինելու, դա կնշանակի, որ գործի քննության այդ փուլում ես ձեռք կբերեմ իմ պաշտպանի կարգավիճակը, քանի որ նաև պայմանագրի խնդիր կար, պետք է ժամկետ երկարացվեր, եթե ես պաշտպանի կարգավիճակս պահպանեմ արդեն քրեական վարույթի շրջանակներում՝ կարող եմ մուտք գործել այս քաղաքացիական գործի մանրամասները քննարկելու, բայց այս պահին, հարգելի դատարան, Վահագն Վերմիշյանը նիստերի դահլիճում չէ։ Մենք ֆորմալ առումով լիազորված ենք, բայց իր հետ չենք խորհրդակցել և նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին որոշում էր կայացվել՝ ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը, հաշվի առնելով գործի քննության առանձնահատկությունը մենք այստեղ ներկա ենք, որպեսզի իրավաբանական մասն ապահովենք՝ հայցի առարկայի հիմքի դատավարական մասը, բայց այս գումարների ծագման օրինականությունը Վահագն Վերմիշյանից բացի ոչ ոք չի կարող պատճառաբանել կամ փաստարկել»,-ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել