Կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Այս նախագծի ընդունման արդյունքում կհիմնադրվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն էլ կիրականացնի ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ուղղված նոր, առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպան­վածու­թյան և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Iravaban.netը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագահավռում իր իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմիների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային (իրավասու) կազմակեր­պությունների հետ: Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ:

Կազմակերպությունը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանացվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների (ծրագրային, ծրագրաապարատային և այլն) մշակումը:

Կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2023 թ. 3 ամիսների համար կազմել են 771.3 մլն դրամ,  իսկ 2024թ. և յուրաքանչյուր տարվա համար շուրջ 981.6 մլն դրամ,  որի համար հիմք են հանդիսացել կապի կոմունալ ծառայությունների համար գործող նորմատիվները, նախատեսվող հաստիքների ամսական աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերը, 2023 թվականի ընթացքում ձեռքբերման ենթակա կապիտալ սարքավորումների արժեքները: 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում ներառելու նպատակով նախատեսվում է կազմակերպության 2024 թվականի պահպանման ծախսերը ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ սահմանված ձևաչափով որպես նոր նախաձեռնություն՝ ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել