Եթե այդ բացասական եզրակացությունը հրապարակվի, պատկերացրեք մարդու հանրային խարազանումը․ ԿԿՀ նախագահը՝ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության եզրակացությունների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն ունի, որն ուսումնասիրություններ է անցկացնում պետական պաշտոնի հավակնող անձանց վերաբերյալ և տալիս եզրակացություն՝ դրական կամ բացասական։ Եղել են դեպքեր, երբ բացասական եզրակացություն ունեցող թեկնածուները ամեն դեպքում ընտրվել կամ նշանակվել են պաշտոնի։ Iravaban.net-ը նշված եզրակացությունների գաղտնի լինելու, դրանց հրապարակման հնարավորությունների մասին խոսել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ։

Եզրակացությունները հրապարակային դարձնելու մասին խոսելով՝ նա նշեց, որ երբեմն նման հավակնոտ որոշումները հայկական միջավայրի հետ անհամատեղելի են։ 

«Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում քննարկումներից մեկի ժամանակ նման հարց բարձրացվեց․ ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը իր աշխատանքային ժամից հետո որպես տաքսու վարորդ ուղևորափոխադրում է իրականացնում և 2-րդ աշխատանք ունի։ Նշեմ, որ այս պահին, օրենքով արգելված է քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելիս 2-րդ աշխատանք ունենալը։ Ենթադրենք, Դուք այսօր հանձնաժողով եք այցելել ու տեսել, որ հանձնաժողովի աշխատակիցը Ձեզ որոշակի ծառայություն մատուցեց՝ իր լիազորությունների սահմաններում։ Մեկ էլ աշխատանքից տուն գնալիս տեսնում եք, որ այդ նույն աշխատողը տաքսի է վարում և ձեզ տուն պետք է տանի։ Հիմա, ամենայն անկեղծությամբ․ Ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ։ Արդյոք մենք անձնական, անհատական մակարդակում հանդուրժում ենք այս տեսակի «տատանումը»»,-ընդգծեց Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ նման եզրակացությունները հրապարակելով ռիսկային միջավայր է ստեղծվելու պաշտոնի հավակնորդի համար։

ԿԿՀ նախագահը նշեց, որ եզրակացությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ անձի հետագա մասնագիտական գործունեության վրա․ «Եթե մենք այդ բացասական եզրակացությունը հրապարակեցինք, պատկերացրեք այդ մարդու հանրային խարազանումը»։

Նա նշեց, որ հանձնաժողովը եզրակացությունն ամբողջությամբ հրապարակելուն դեմ է, սակայն կարծում են, որ դրա միայն եզրափակիչ մասի հրապարակումը խնդիրներ չի առաջացնի՝ միայն անձի՝ պաշտոնում նշանակումից հետո։

«Եզրափակիչ մասում նշվում է՝ եզրակացությունը դրական է, թե ոչ։ Եթե դրական է, սակայն վերապահումով, նշվում են պատճառները։ Նույն էլ բացասականի դեպքում։ Այսինքն, ամբողջ նկարագրական հատվածը, որտեղ դետալ առ դետալ վերլուծություն է արվել, դա չկա եզրափակիչ հատվածում»,-ընդգծեց Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծն արդեն կա, սակայն այժմ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլն է և միայն դրանից հետո այն վերջնական տեսք կունենա։

Խոսելով 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացի մասին հանձնաժողովի նախագահը նշեց՝ որոշ հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները տարբերվում են գործադիրի մոտեցումներից։

Դրանք վերաբերում են ինչպես բարեվարքության ուսումնասիրության գործընթացին, այնպես էլ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել