Վիտալի Բալասանյանի որդու` վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստով քրգործ է հարուցվել. ԼՂ դատախազությունը մանրամասներ է հայտնել

ԼՂ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021 թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռքբերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԼՂ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով (Վարկը ոչ նպատակային օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023 թ. հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԼՂ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել