Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ, որ հասկանում էի իրադրության ծանրությունը․ Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ 2020թ․ հոկտեմբերի 13-ին, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, հոկտեմբերի 16-ին ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ կարելի է փորձել 5 շրջանների դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի անորոշությամբ։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու պայմաններից է եղել նաև այն, որ Մեղրիում պետք է տեղակայվեն խաղաղապահներ՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ:

«Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնեցի նաև դրան, չհամաձայնեցի, որ Հայաստանի տարածքում Հայաստանի վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,-ասաց վարչապետը:

«Այսպիսով հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջանները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի՝ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին: Շուշին իմ վերը նկարագրած սցենարով (խմբ.- Ադրբեջանն ակնկալել է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության շուրջ 90 տոկոսը, վերադառնան Շուշի) հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ: Հիմա էլ, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր, թող բարձր հայտարարի այդ մասին»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել