ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաստատել է, որ երկիրը կարող է դեֆոլտի գնալ հունիսի 1-ին: Այս մասին նա մայիսի 15-ին նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որը ներկայացնում է ինչպես ներկայիս իշխող Դեմոկրատական, այնպես էլ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունները։
«Ֆինանսների նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կատարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի պարտքի շեմը բարձրացնելու կամ կասեցնելու համար մինչև հունիսի սկիզբը և հնարավոր է մինչև հունիսի 1-ը», – ասվում է Յելենի ուղերձում:
Այն ուղղված է հիմնականում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Քևին Մաքքարթիին։
Նախարարը խոստովանել է, որ դեֆոլտը կարող է տեղի ունենալ հունիսի 1-ից «մի քանի օրից կամ շաբաթից հետո»։
Ըստ Յելենի՝ այս խնդրի լուծման ուշացումը «կարող է լրջորեն վնասել բիզնեսի և սպառողների վստահությունը, մեծացնել հարկատուների ծախսերը և բացասաբար ազդել ԱՄՆ վարկային վարկանիշի վրա»։