Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Շոլցը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Նա նշեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել Հայաստանում: Գերմանիան ցանկանում է այս ճանապարհին շարունակել օգնել Հայաստանին՝ իր հնարավորությունների շրջանակում: Շոլցը կարևոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը:

Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը:

Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան:

Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:

Անդրադառնալով հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ Շոլցը վերահաստատեց. «Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականությա սկզբունքի կողմնակիցն ենք»: Նա կարևորեց տարածաշրջանում անվտանգության բարելավումը:

Շոլցն ու Փաշինյանը խոսել են նաև երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Գերմանիայի կանցլերը վարչապետ Փաշինյանին քաջալերել է շարունակել կոռուպցիայի դեմ իր պայքարը:

Շոլցը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին Գերմանիա այցի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել