Երբեմն դատարանից ծանուցումը ստանում ենք նիստից մի քանի օր հետո․ Մարատ Ատովմյանը՝ խնդիրների մասին

«Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության գործունեության մասին Iravaban.net-ը զրուցել է հիմնադիր Մարատ Ատովմյանի հետ, ով իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է 1996 թվականից։ Նա տարբեր ոլորտներում է աշխատել՝ պետական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում, տարբեր միջազգային ծրագրերում, որպես ազգային և միջազգային փորձագետ։ Փաստաբանական գործունեության արտոնագիր ունի 2010 թվականից։

«Միշտ զբաղվել եմ պրակտիկ իրավաբանությամբ, իրավապաշտպան գործունեությամբ։ Հետո որոշեցի ընկերություն հիմնել և գործունեությունս այդ կերպ իրականացնել։ Սկսել ենք երկու հոգով՝ ես էի և մի օգնական ունեի, որն իմ նախկին ուսանողներից էր, ի դեպ, մոտ 20 տարի է դասավանդում եմ տարբեր ուսումնական հաստատություններում։ Մենք կարողացանք դիմակայել ծանր ժամանակահատվածներին՝ քովիդին, պատերազմին։ Հիմա փորձում ենք գնալ զարգացման, արդեն ընդլայնվել ենք, մեր աշխատակազմն ավելի ընդլայնվել է»,-ասում է Ատովմյանը։

«Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը մատուցում է տարբեր բնույթի իրավաբանական ծառայություններ՝ դատական ներկայացչություն, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրում է իրավական խորհրդատվություն, կազմում է տարբեր փաստաթղթեր, աջակցում է քաղաքացիներին նոտարական գործքարքների ձևակերպման հետ կապված  հարցերում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված հարցերում, տրամադրում է խորհրդատվություն հաշվապահական հաշվառման հետ կապված հարցերում։ Նաև կազմակերպում է մասնագիտական իրավական դասընթացներ երիտասարդ իրավաբանների համար։ Ինչպես նաև զբաղվում է օտարերկրյա քաղաքացիների իրավական բնույթի խնդիրներով։

Նա նշում է, որ այս պահին ունեն հարյուրից ավել տարաբնույթ գործեր, որոնցից մի քանի տասնյակը դատարաններում են, որոշ քրեական գործեր գտնվում են նախաքննության փուլում։

«Ունենք մի շարք գործեր, որոնց վրա մենք հիմա աշխատում ենք և մոտ ժամանակներս պետք է այս գործերը ներկայացնենք դատարան։ Այդ գործերը ոչ միայն Երևանում են, այլև մարզերում, ճիշտ է, դեռ չունենք մարզային ներկայացչություն, բայց մարզերի հետ կապված իրականացնում ենք գործունեություն։ Մեր աշխատասիրության և թիմային աշխատանքի շնորհիվ փորձում ենք ամեն ինչ հասցնել»,-ասաց նա։

Մարատ Ատովմյանի խոսքով՝ իրենց հաջողության հասած գործերը 95 տոկոսից ավել են։

Փաստաբանն անդրադարձավ նաև դատական համակարգում առկա խնդիրներին՝ շեշտելով ժամկետների խնդիրը։

«Բավականին ուշ են նիստերը նշանակվում, գործերը բավականին ուշ են վարույթ ընդունվում, լինում են դեպքեր, երբ դատական նիստից մի քանի օր հետո ես ծանուցում ստանում ու ստացվում է, որ ձախողվում է այդ նիստը, այսպիսի խնդիրներ կան»,-ասում է նա։

Ատովմյանը նաև այս խնդիրներին լուծումներ է առաջարկում, օրինակ՝ պետք է զարգանա այլընտրանքային արդարադատությունը կամ արտադատական մեխանիզմները։

«Օրինակ՝ երեխայի խնամքի հետ կապված գործեր կամ երեխայի տեսակցության հետ կապված գործերն իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ ոչ թե դատարանը քններ, այլ խնամակալության մարմինների կարգավիճակը փոխեինք, պրոֆեսիոնալ, մշտապես գործող, տարբեր մասնագետներից բաղկացած կառույց ստեղծեին, որոնք կզբաղվեին նմանատիպ գործերով։ Որպես առաջարկ՝ գուցե ճիշտ կլիներ ստեղծել աշխատանքային մասնագիտացված դատարաններ, որոնք կքննեին, թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ պետական համակարգի հետ կապված աշխատանքային վեճերը։ Այպես և՛ Վարչական դատարանը կթեթևացնենք, և՛ ընդհանուր իրավասության դատարանները։ Այսպիսի օրենսդրական և ինստիտոցիոնալ լուծումներ կարող են լինել»,-ասում է Ատովմյանը։

Հասմիկ Սարգսյան

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել