«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, այդ թվում՝ օրենքի 11-րդ հոդվածում, որով սահմանված են պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել հունվարի 1-ից։ Այսպիսով․
1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը`
1) աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և տալիս եզրակացություն.
2) հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում` աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
3) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության, այդ թվում` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման մասին հաշվետվությունները.
4) քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
5) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ` ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
6) հաստատում է իր աշխատակարգը, նիստերի օրակարգը, ժամանակացույցը և ընտրում խորհրդի նախագահ.
7) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն տրված եզրակացության հիման վրա խորհրդի անդամների (մանկավարժական և ծնողական խորհուրդների դեպքում` միայն տվյալ հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրած անդամների) ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ, հիմք ընդունելով լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները, կարող է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավոր առաջարկությամբ դիմել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին.
8) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված կամ դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`
1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից:
3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`
1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,
2) անդամին առաջադրած մարմնի կողմից հետկանչի,
3) խորհրդի որոշմամբ` հիմնավորված առաջարկություն ներկայացնելու,
4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու,
6) պետական ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,
7) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,
8) մանկավարժական կամ ծնողական խորհրդի առաջադրած անդամների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած պահանջներն այլևս չբավարարելու,
9) նրա մահվան դեպքերում: