Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:
Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը
Պետնախարը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:
Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։
Ներկայացվել է նաև հանրապետությունում դրամաշրջանառության և մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարսրը պատասխանատուներին հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։
Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։