Երևանում մի շարք փողոցներ կանվանակոչվեն

Երևանի ավագանին դեկտեմբերի 20-ին նիստ կգումարի, որի ժամանակ մի շարք փողոցների անվանակոչության մասին որոշումներ կընդունվեն։

Iravaban.net-ը հայտնում է, որ ներկայացված նախագծերի համաձայն նախատեսվում է․

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցն անվանակոչել Բուժաշխատողների փողոց։

Նախածի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին մեր առողջապահության համակարգի աշխատակիցները բառի ուղիղ իմաստով պայքար են մղել երկու ճակատով տեսանելի ու անտեսանելի թշնամու դեմ՝ անքակտելի մասը կազմելով 2 խոշոր պատմական իրադարձության՝
կորոնավիրուսային համավարակի և 44-օրյա պատերազմում հայ ժողովրդի մղած պայքարի։ Անասելի մեծ է նրանց դերը կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման գործում և պատերազմի ընթացքում:

Սակայն ոչ քովիդը, ոչ պատերազմը չկարողացան ազդել նրանց առաքելության վրա։ Ավելին՝ դրանք ավելի ընդգծեցին նրանց կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում։ Նրանց շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին առաջնագծում, ինչպես նաև հիվանդանոցներում, հոսպիտալներում, ռազմի դաշտում՝ շատ տարբեր պայմաններում։

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 49 փողոցն անվանակոչել ԽՍՀՄ ներքին ծառայության՝ ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի անվամբ ՝ «Ալեքսեյ Հեքիմյան փողոց»։

Նախածի հիմնավորման մեջ նշվում է, որ ԽՍՀՄ ներքին ծառայության՝ ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ և Դաղստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Գուրգենի Հեքիմյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 10-ին՝ Բաքվում։

Ալեքսեյի մորական կողմը Լենինականից էր, իսկ հայրը ծնվել էր Շուշիում։ Երեք տարեկան էր, երբ հայրը լքեց նրանց. մայրն ու որդին տեղափոխվեցին Երևան: 1941 թվականին Ալեքսեյն ավարտեց Երևանի Ս.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943 թվականին՝ Երևանի Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը:

Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1982 թվականին «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» և այլ երգեր։

Համեստ մարդ էր Հեքիմյանը, ով անգնահատելի ներդրում ունեցավ նաև հայկական երգարվեստում, ինչի համար իրեն շնորհեցին ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը: Ալեքսեյ Գուրգենի Հեքիմյանը հուղարկավորված է Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը:

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 37 փողոցն անվանակոչել հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի անվամբ՝ «Կարպ Խաչվանքյան փողոց»։

Նախածի հիմնավորման մեջ նշվում է, որ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ (Կարապետ) Մկրտչի Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Վրաստանում, Ախալցխա քաղաքում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։

Խաչվանքյանը հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

Կարպը նկարահանվել է նաև կինոյում. 1949 թվականին՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1956 թվականին՝ «Պատվի համար», 1963 թվականին՝ Լեոնիդ Ենգիբարյանի՝ «Ճանապարհ դեպի կրկես», 1981 թվականին՝ «Ատամնաբույժն արևելյան»։ Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում:

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 39 փողոցն անվանակոչել հետախույզ Գևորգ Վարդանյանի անվամբ՝ «Գևորգ Վարդանյան փողոց»։

Հետախույզներ՝ ամուսիններ Գևորգ և Գոհար Վարդանյանները, որոնք ժամանակին հայտնի էին միայն Անրի և Անիտա կեղծանուններով, իրականացրել են բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասն էլ մինչ այժմ «գաղտնի» խորագրի ներքո է: Բայց մեկն արդեն դարձել է պատմություն՝ հավերժացնելով նրանց անունները: 1943-ին Թեհրանում Անրին և Անիտան օգնեցին խափանել գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա: Հետագայւմ այս ամենի մասին նկարահանվել են նաև ֆիլմեր:

Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924 թվականին փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում։

Հ.Գ. Ի սկզբանե սույն նախագիծը Երևան քաղաքում հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվամբ փողոց անվանակոչելու մասին էր, սակայն «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ի 3-րդ կետի համաձայն առկա է ժամանակավոր սահմանափակում տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի անվամբ փողոցի անվանակոչության, ուստի փողոցն առաջարկվում է անվանակոչել Գևորգ Վարդանյանի անվամբ՝ հույսով, որ հետագայում՝ 2024 թվականին այն կանվանափոխվի «Գևորգ և Գոհար Վարդանյանների անվամբ»:

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Արաբկիրի 17-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անվամբ` «Լևոն Խեչոյան փողոց»:

Հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին: 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1988 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին` «Խնկի ծառեր» վերնագրով:

Որոշում կընդունվի Երևան քաղաքի Արաբկիրի 25-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անվամբ` «Սլավիկ Չիլոյան փողոց»:

Հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանը ծնվել է 1940 թվականին: Նա եղել է որբ, հետագայում որդեգրվել է: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավարտել ռոմանոգերմանական բաժինը: Սովորել է հին և նոր ֆրանսերեն:

Չիլոյանի գրած բանաստեղծություններից շատերը տպագրվել են մամուլում: Բնագրից թարգմանել է «Ռոլանդի երգը». Ժան Ռասինի «Էսթեր» և «Անդրոմաքե» չափածո ողբերգությունները, Վիկտոր Հյուգոյի, Ժակ Բրելի բանաստեղծություններից:

1971 թվականին լույս է ընծայել Բորիս Վիանի բանաստեղծությունների ժողովածուն` սեփական թարգմանությամբ: Սլավիկ Չիլոյանը մահացել է 1975 թվականին:

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ՝ «Օհան Դուրյան փողոց»։

Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում:

Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր:

1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների: 1939-1945թթ. սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի և Ջորջ Սինգըրի դիրիժորականարվեստի բաժիննե րում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել: 1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով:

Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը: Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 1957-1960թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-1965թթ. և 1972-1974թթ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-1969թթ., իբրև հյուրդիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, արդյունքում` 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ո’չ պարտիտուր, ո’չ դիրիժորական փայտիկ:

Երկու անգամ նշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: 1967-1974թթ. և 1991-1994թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-1972թթ. և 1999-2002թթ.՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-1990թթ.՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Գրել է «Ձոն Հայրենիքիս», 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ.), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր: 1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, վերադարձել է Հայաստան: 1998-2001թթ. եղել է նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 2002թ. դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը: 2008թ. կրկին վերադարձել է հայրենիք:

1967թ. Օհան Դուրյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 1997թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, 1998թ.՝ Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչումով:

Օհան Դուրյանը մահացել է 2011թ. Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել