Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նամակում նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ խաթարելով 120 հազար հայերի ազատ տեղաշարժը և թույլ չտալով պարենի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։
——————
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։