Կսահմանվեն հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որ համաձայն նախատեսվում է, որ կսամանվեն հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի նախածի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հայաստանի Հանրապետությունում սահմանված է միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար:

Հարկ է նշել, որ կարգավորման ընդունումից հետո աշխատանքային հարաբերությունների նշված նոր եղանակով կազմակերպումը ներդրվեց ՀՀ աշխատանքի շուկա, և մերկայում մեծ է պահանջարկն աշխատանքի կազմակերպման նման ճկուն մեխանիզմներ օրենսդրորեն ամրագրելու հարցում։ Աշխատանքի միջազգային շուկայում ևս շատ են կիրառվում աշխատանքի կազմակերպման նման նոր ձևերը։

Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան աշխատանքի կազմակերպման ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման այլընտրանքային տարբերակներ (իհարկե պահպանելով աշխատողների համար սահմանված պատշատ պաշտպանության միջոցներն ու աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է։

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ, աշխատանքի կազմակերպման արդյունավետ, ժամանակի հրամայականին համահունչ և նոր եղանակներ։

Ներկայացված նախածի ամաձայն՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 106.1. Աշխատանքային պարտականությունների կատարումը հեռավար կամ համակցված հեռավար եղանակով

  1. Հեռավար աշխատանքն աշխատանքի կազմակերպման կամ աշխատանքի կատարման այնպիսի եղանակ է, երբ աշխատողը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները կատարում է գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո գտնվող վայրից դուրս:
  2. Համակցված հեռավար աշխատանքն աշխատանքի կազմակերպման կամ աշխատանքի կատարման այնպիսի եղանակ է, երբ աշխատողը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունների մի մասը կատարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հեռավար եղանակով, իսկ մյուս մասը՝ գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո գտնվող վայրում:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում` աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողների նկատմամբ կիրառվում են հեռավար եղանակով աշխատանքները կատարելու կամ կազմակերպելու համար սույն օրենսգրքով սահմանված կարգավորումները:
  4. Աշխատանքային հարաբերությունների կողմերն ազատ են աշխատանքային պայմանագրում աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու վերաբերյալ պայման նախատեսելու կամ հանելու հարցում, եթե սույն հոդվածով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:
  5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանն աշխատանքային պայմանագիրը կնքելիս սահմանված չի եղել, ապա սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանն աշխատանքային պայմանագրում կարող է ներառվել կողմերի համաձայնությամբ, եթե սույն հոդվածով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:
  6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանն աշխատանքային պայմանագրում ներառելը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:
  7. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումն աշխատանքի վայրում, աշխատողն օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները կատարում է հեռավար կամ համակցված հեռավար եղանակով, որի պարագայում՝`

1) աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու վերաբերյալ պայմանի առկայությունն աշխատողի աշխատանքային պայմանագրում պարտադիր չէ.

2) եթե հնարավոր չէ շարունակել օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունների կատարումը, այդ թվում՝ հեռավար կամ համակցված հեռավար եղանակով, ապա չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ.

3) աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:

8. Աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու կարգն ու պայմանները սահմանվում են գործատուի ներքին կարգապահական կանոններով, ինչպես նաև կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Գործատուն պարտավոր է աշխատողին տեղեկացնել գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու վերաբերյալ սահմանված կարգին և պայմաններին` մինչև աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելուն անցնելը:

9. Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողները գործատուի ներքին կարգապահական կանոններով, ինչպես նաև կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան պետք է ապահովեն գործատուի համար իրենց հասանելիությունը և հսկողության հնարավորությունը: Աշխատողի կողմից սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

10. Աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցները կազմվում են այնպես, որպեսզի պահպանվեն աշխատողի համար սույն օրենսգրքով կամ օրենքով սահմանված աշխատաժամանակի և հանգստի ռեժիմները, և չխախտվեն աշխատաժամանակի առավելագույն և հանգստի նվազագույն տևողությանը վերաբերող պահանջները։

11. Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով արգելվում է կատարել՝

1) սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերով նախատեսված աշխատանքներում.

2) այն աշխատանքներում, որոնցում առկա է անմիջական շփում՝ արտադրական գործընթացի ժամանակ օգտագործվող, արտադրվող, տեղափոխվող կամ պահպանվող՝ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութերի հետ։

12. Հեռավար եղանակով աշխատանք կատարողների աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի, 245-րդ հոդվածի, 246-րդ հոդվածի 5-րդ մասի, 247-րդ 248-րդ հոդվածի 4-րդ մասի, 250-րդ, 251-րդ, 256-րդ, 259-րդ հոդվածների, ինչպես նաև 260-րդ և 261-րդ հոդվածների (բացառությամբ մասնագիտական հիվանդությունների) պահանջները:

13. Աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու դեպքերում, եթե աշխատողը հանդիսանում է օտարերկրացի կամ աշխատանքային պարտականությունները կատարվելու են այլ պետությունում, ապա այդ աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով:

14. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

15. Աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում տարածվում են սույն օրենսգրքով սահմանված կարգավորումները, եթե սույն հոդվածով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ::

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել