ԱՄՆ-ը և Ռուսաստանը միայն մեկ անգամ են օգտագործել երկրների միջև կապի հատուկ գիծը. Reuters

Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականներն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր միայն մեկ անգամ են ակտիվացրել հակամարտությունները կանխելու համար երկրների միջև ստեղծված հատուկ հաղորդակցման գիծը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։

Պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ Միացյալ Նահանգները մեկ զանգ է նախաձեռնել, այսպես կոչված, «դեկոնֆլիկտային» գիծը՝ իր մտահոգությունն արտահայտելու Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի մոտ ռուս զինվորականների գործողությունների վերաբերյալ։

Գործակալության զրուցակիցը չի հստակեցրել բանակցությունների հանգամանքները՝ նշելով միայն, որ դրանք առնչություն չունեն նոյեմբերի 15-ին Լեհաստանում ընկած հրթիռի միջադեպի հետ։

Reuters-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հրապարակավ մտահոգություն էր հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

«Դեկոնֆլիկտային» գիծը, որը ստեղծվել է 2022 թվականի մարտին, միացնում է ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային կառավարման կենտրոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել