Ժամանակակից տղամարդու համար փողկապն իր հանդերձի կարևորագույն մասն է կազմում: Սակայն մերօրերում քիչ չեն այն տղամարդիկ, ովքեր չեն սիրում փողկապ կրել առհասարակ, անգամ հանդիսությունների ժամանակ: Սակայն չմոռանանք, որ որոշ աշխատավայրերում այն հանդերձի պարտադիր մաս է կազմում:
Սովորաբար տղամարդիկ իրենց հանդերձապահարաններում պետք է ունենան մի քանի տեսակի փողկապներ: Փողկապների նախշերի և գույնի ընտրությունը կատարվում է այն համապատասխանեցնելով հագուստին, միջոցառմանը (հանդիսությանը):
Փողկապների մասին առաջին հիշատակմանը կարելի է հանդիպել Հին Եգիպտոսի պատմության մեջ, ուր մարդիկ կանոնավոր երկրաչափական մի կտոր փաթաթում էին ուսերին՝ որպես իրենց սոցիալական կարգավիճակի յուրահատուկ խորհրդանիշ: Բացի այդ, առաջին փողկապներ կրել են նաև Հին Չինաստանում: Այդ մասին են վկայում կայսեր Շիհուան Դիի շիրմաքարի մոտ տեղակայված քարե արձանները, ուր ազնվականների և զինվորների պարանոցներին հստակ երևում են կապեր, որոնք ակամա հիշեցնում են փողկապներ: Սակայն այս նշված կապերն իրենց ձևով և չափերով հեռու են ժամանակակից փողկապներից:
Ժամանակակից փողկապների ստեղծման ժամանակաշրջանը սկսվում է Հին Հռոմից. այստեղ հռոմեացի լեգիոներները պարանոցներին թաշկինակ էին կապում: Իսկ արդեն 1635 թվականից սկսած փողկապները տղամարդկանց հանդերձի անբաժանելի և գլխավոր մասն են կազմել:
Իսկ ինչպե՞ս կատարել փողկապի ճիշտ ընտրություն:
Ամենօրյա համար սովորաբար ընտրվում են մուգ երանգների փողկապներ՝ կրկնվող մեծ նախշերով կամ ոչ այնքան աչքի ընկնող մեկ մեծ նախշով: Մուգ փողկապները կրում են բաց գույնի վերնաշապիկների հետ:
Միագույն կոստյումի հետ սովորաբար կրում են վառ նախշերով փողկապ, իսկ վանդակավոր կամ գծավոր կոստյումի հետ ավելի հարգի են միագույն փողկապները:
Վառ գույնի և նախշերով վերնաշապիկի հետ պետք է համադրել միագույն փողկապ: Փողկապը միշտ պետք է մուգ լինի վերնաշապիկից:
Երեկոյան մուգ կոստյումին ավելի հարմար է մետաքսյա փողկապը:
Սինթետիկ փողկապը կրում են միայն կաշվե բաճկոնի հետ:
Փողկապ-թիթեռնիկ պետք է կրել միայն տոնական հանդիսությունների ժամանակ:
Մարզական և բրդյա վերնաշապիկների հետ փողկապ չեն կրում:
Փողկապ ընտրելիս պետք է հաշվի առնել այն կրողի ուսերի լայնությունը. եթե մարդու ուսերը լայն են, փողկապը ևս պետք է լայն լինի և հակառակը:
Փողկապը երբեք չպետք է գոտկատեղից ներքև իջնի:
Խորհուրդ չի տրվում փողկապը լվանալ և արդուկել:
Ժամանակակից կանայք նախընտրում են ժամանակակից տղամարդկանց, և չպետք է մոռանալ, որ հասարակության մեջ տղամարդու զբաղեցրած դիրքի, աշխատանքի, անգամ ճաշակի մասին առավել հաճախ խոսում է հենց նրա արտաքինը և բնական է, ճիշտ ընտրված հագուստը: Ուստի գեղեցիկ, խնամված, և ինչու չէ, կնոջը հաճոյանալու համար կարելի է չզլանալ և առավել հաճախ փողկապ կրել:
Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net