Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Իսպանիայի կառավարությունը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ, որը պատճառել է առնվազն 207 զոհ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում՝ գրանցելով բռնությունների, խոշտանգումների, խեղումների դեպքեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Իրականացվել է մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության դեմ, թե՞ կշարունակի կողքից նայողի դերում լինել»,- ասվում է գրության մեջ: