Երևանում կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարաններ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսում։

Դատական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները: Դատական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով: Միևնույն ժամանակ, Դատական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում:

«Այսպիսով, նշված դրույթներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարաններից է առնվազն 62 դատավոր թվակազմով գործող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Միևնույն ժամանակ, վերջին երեք տարվա ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմամբ ավարտված գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է․

«Ներկայացված վիճակագրությունից ակնհայտ է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ: Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա:

Մյուս կողմից, դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահելու համատեքստում Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը: Նման պայմաններում առաջանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն Երևան քաղաքում երկու առանձին՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսման անհրաժեշտությունը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել