Հուլիսի 28-ը Եսայի մարգարեի հիշատակության օրն է։
Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներից» առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է:
Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե՝ Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:
Այս մասին հայտնում է Արարատյան հայրապետական թեմը։
Հուլիսի 30-ը Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է։
Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը:
Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ: