2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը:
Կենսագրություն
Վասիլի Առուստամյանը ծնվել է 1952 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սզնեկ գյուղում: Ստացել է տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատանքային գործունեությունեության ընթացքում նրան շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
1973 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ: Հանդիսացել է Մոսկվայի դատահաշվապահական կրկնակի փորձաքննություններ իրականացնող հանձնաժողովի անդամ:
2003 թվականին նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսագիտության բաժնի պետ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ, իսկ 2013-ին՝ ֆինանսական և ճարտարագիտական փորձաքննությունների ծառայության պետ:
2015 թվականից աշխատել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ՝ փորձաքննությունների գծով:
2021թ. փետրվարի 22-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում ներգրավվել է որպես փորձագետ:
Առուստամյանը երկու զավակների հայր է:
Աշխատանքային գործունեության ընթացքում խրախուսվել է շնորհակալագրերով, պարգևներով և մեդալներով:
Աշխատանքային գործունեության ընթացքում նա ձեռք է բերել մեծ ճանաչում ինչպես հանրապետության փորձագիտական, այնպես էլ՝ դատաիրավական ոլորտում՝ իր բացառիկ ներդրումն ունենալով հաշվապահական և տնտեսագիտական դատական փորձաքննությունների արդյունավետ իրականացման և համապատասխան բարձրորակ փորձագետների պատրաստման գործում: Վ. Առուստամյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում զբաղվել է բազմամյա դասախոսական գործունեությամբ, ինչպես նաև մեծ դերակատարում է ունեցել ժամանակակից փորձագիտական մեթոդների մշակման և ներդրման հարցերում:
———————————————-
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը խորապես ցավակցում է Վասիլի Առուստամյանի մահվան կապակցությամբ, ով իր ազնվությամբ, անաչառությամբ, մասնագիտական բարձր որակներով և գիտելիքներով, աշխատանքին անմնացորդ նվիրվածությամբ վաստակել էր գործընկերների հարգանքը: