Մհեր Վ․-ն Telegram բջջային հավելվածի օգտատերերից մեկից 23 հազար դրամին համարժեք Bitcoin կրիպտոարժույթով փորձել է ձեռք բերել խոշոր չափերով՝ 0.75 գրամ քաշով a-PVP տեսակի թմրամիջոց: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ Մհեր Վ․-ին է ուղարկվել թմրամիջոցի վայրի մասին տեղեկությունը, որից հետո վերջինս եկել է նշված վայր՝ այն փնտրելու, սակայն, տեսնելով տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին՝ փորձել է առանց նշված թմրամիջոցը վերցնելու՝ տաքսի նստելով հեռանալ:
Թմրամիջոցը փնտրելու ժամանակ Մհեր Վ․-ի վարքագիծը կասկած է առաջացրել տարածքում ծառայություն իրականացնող պարեկների մոտ, նրանք գնացել են ամբաստանյալի հետևից, իջեցրել ավտոմեքենայից և հետաքրքրվել թմրամիջոց փնտրելու հանգամանքներով:
Նա խոստովանել է, ու վերը նշված հատվածից փորձել է գտնել իր կողմից առանց իրացնելու նպատակի՝ իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված թմրամիջոցը և ոստիկանների առաջարկով գնացել է որոնումը շարունակելու, որտեղից էլ, նշված խոշոր չափերով՝ 0.75 գրամ քաշով a-PVP տեսակի թմրամիջոցը գտնելուց հետո, ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։