Միացյալ Նահանգները գնահատում է Պակիստանի հետ երկարաժամկետ գործընկերությունը, որը չափազանց կարևոր է նրա շահերի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Մենք գնահատում ենք Պակիստանի հետ մեր երկարամյա գործընկերությունը և միշտ համարել ենք, որ բարեկեցիկ և ժողովրդավարական Պակիստանը վճռորոշ դեր ունի ԱՄՆ շահերի համար», – ասել է նա:
Ավելի վաղ Պակիստանի մահմեդական լիգայի (Նավազ խմբակցություն) առաջնորդ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի 23-րդ վարչապետ։ Շարիֆի թեկնածությունը ստացել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) 342 ձայնից 174-ը։
Նշենք, որ երկրի նախորդ ղեկավարը՝ Իմրան Խանը, որը ներկայացնում էր կենտրոնամետ «Արդարության շարժում» կուսակցությունը, պաշտոնանկ արվեց ապրիլի 10-ին՝ անվստահության քվեով: