Մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն, տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ շրջել շենքի բոլոր բաժանմունքներում և ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:
Այս մասին Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Շրջայցի ընթացքում դիտարկել եմ հիվանդասենյակներում և վիրահատարաններում ստեղծված պայմանները, առաջին բուժօգնության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև զրուցել եմ պացիենտների և բուժաշխատողների հետ: Տնօրենի հետ քննարկել ենք կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։
Կենտրոնն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, համալրված է որակյալ և հմուտ մասնագետներով, իսկ որոշ մասնագետներ հրավիրվում են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից և տեղում առկա հնարավորությունների շնորհիվ կազմակերպում պացիենտների բուժումը, վիրահատությունները կամ այլ միջամտություններ և խորհրդատվություններ:
Բժշկական կենտրոնի տնօրենի ջանքերով վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բարեփոխումներ։ Հիվանդանոցի գույքը համալրվել է հեմոդիալիզի նոր մահճակալներով, սոնոգրաֆիայի և էխոկարդիոգրաֆիայի սարքավորումներով։
Բժշկական կենտրոնին է տրամադրվել շտապօգնության երկու ավտոմեքենա, իսկ հիվանդանոցի շենքի բակում կառուցվել է շտապօգնության ավտոմեքենաների կայանատեղի:
Բարելավվել է բժշկական կենտրոնի շենքի մուտքը, առանձնացվել շտապօգնության ծառայությունը, դեղատունը, հեմոդիալիզի բաժանմունքի մուտքը:
Առաջիկայում ևս նախատեսվում է մեծածավալ փոփոխություններ իրականացնել բժշկական կենտրոնում»,-գրել է Արսեն Թորոսյանը:
![May be an image of 2 people, people standing, car and outdoors](https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/277468612_531524188329152_973090655806245529_n.jpg?_nc_cat=1&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=FYMOtP5_dXUAX_xzefG&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AT-aTtZrL8dQWapprFU6AUDIenRDerhWnUFJRY3DhVyL4w&oe=624D202E)