Պուտինը Մակրոնին հայտնել է Կիևի հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ Ռուսաստանի պահանջների կատարման դեպքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը, եթե կատարվեն ռուսական պահանջները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի պատվիրակության և ուկրաինական ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում իրերի վիճակի մասին։ Երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնվել՝ ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը պետք է լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր է ռազմական գործողությունների դադարեցման համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել