Ուկրաինայի ՊՆ նախարարը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ուղերձով դիմել է ժողովրդին․

«Հարգելի ուկրաինացիներ,

Հակառակորդը սկսել է ինտենսիվ հրետակոծել մեր արևելյան ստորաբաժանումները, ինչպես նաև այլ շրջաններում գտնվող ռազմական կառավարման կենտրոններն ու օդանավերը։

Ուկրաինական բանակը պաշտպանում և հետ է մղում ռուսական զորքերին։

Մեր զինվորականներն ամեն ինչ անում են ձեզ պաշտպանելու և ագրեսորին ներխուժելու հնարավորություն չտալու համար։

Այսօր ևս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ հանգստացեք։ Հնարավորության դեպքում մնացեք տանը։ Իրավիճակը վերահսկելի է, բայց մեր բանակն այժմ առավել քան երբևէ ձեր աջակցության կարիքն ունի։ Ձեր մտքի խաղաղությունն ու վստահությունը Ուկրաինայի Զինված ուժերին լավագույն օգնությունը կլինի։

Իրավիճակի մասին անհապաղ կտեղեկացնենք։

Փա՛ռք Ուկրաինային»,-նշված է ուղերձում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել