Ինչպես է կատարվում դատավճիռների բողոքարկումը

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի` գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:

Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:

Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը: Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:

Ինչպես նաև, քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:

Նշենք նաև, որ դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել