Իրաքում գտնվող Թուրքական զինուժի ռազմաբազան հրթիռակոծվել է

Թուրքիայի զինուժի՝ Մոսուլի Բաշիքայի շրջանում գտնվող Գեդու ռազմաբազան հրթիռակոծվել է։ Թուրքիայի զինուժն ավելի վաղ ռմբակոծել էր Մահմուրը, Սինջարը և Դերիքը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Rûdaw»-ի հետ զրույցում Զելքանի ղեկավար Մուհամմեդ Էմինը հայտնել է, որ լուսադեմին՝ ժամը 03։30-ին, Մոսուլի կողմից 6 հրթիռ է նետվել ռազմաբազայի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հրթիռներն ընկել են բազայի շրջակայքում, սակայն որևէ մարդկային կորուստ չի գրանցվել:

«Ազատ Սինջար» (Ehrar Sinar) անվանումով մի խմբավորում հայտարարել է, որ հարձակումն իրենք են կազմակերպել՝ բազայի վրա արձակելով թվով 18 հրթիռ։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է, քանի որ Իրաքի կառավարությունը չի կատարում Սինջարը պաշտպանելու իր պարտականությունները։

Մոսուլից 12 կմ հյուսիս գտնվող Բաշիքայի մոտակայքի Գեդու ռազմաբազան կառուցվել է 2015 թվականին։ Այն բացվել է, որպեսզի թուրքական զինուժն ուսումնական աջակցություն ցուցաբերի սուննի զինյալներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել