Գորիկ Հակոբյանը կառավարության նիստում (2015թ.) բարձրաձայնեց իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած անվստահության մասին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը «Անտեսանելի ճակատի մարտիկները» պատմությունների շարք է սկսել, որի շրջանակներում ներկայացնում է ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանի վերաբերյալ «Վերջին Մոհիկանը» խորագրով պատմությունը․

«Գորիկ Հակոբյանը (1946-2017թթ.) ՀՀ պետական ճանաչված գործիչներից է, հատուկ ծառայությունների նշանավոր դեմքերից, Հայաստանի ազգային անվտանգության կառույցը գլխավորած, Խորհրդային Միության ՊԱԿ-ի հեղինակավոր դպրոցի վերջին մոհիկաններից:

Ծառայողական բոլոր աստիճանահարթակներով անցած անվտանգության գեներալ-գնդապետը, ով ճանաչվել է Հայաստանի երրորդ Հանրապետության թիվ մեկ հակահետախույզ, համակարգի այն կարգի հեղինակություն էր, որի գործունեությունն ԱԱ ծառայության տնօրենի պաշտոնում ՀՀ նախագահի 2011թ. հրամանագրով երկարացվեց միանգամից հինգը տարով: Կյանքի վերջին տարում նա ՀՀ նախագահի խորհրդականն էր:

Գ. Հակոբյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանակիր էր, պետական, գերատեսչական բազմաթիվ պարգևների արժանացած անձ: Նրա պրոֆեսիոնալիզմը բարձր էր գնահատվում նաև հանրապետությունից դուրս, որտեղ ծանրակշիռ հեղինակություն էր, հավասարների մեջ հավասար:

Գ. Հակոբյանի համար բացառիկ առաջնահերթություն էր երկրի անվտանգությունը: Մասնավորապես անգնահատելի է նրա դերը այն հարցում, որ ռուս սահմանապահները չլքեցին Հայաստանը (2015թ.), շարունակեցին վերահսկել մեր անվտանգային համակարգի համար բացառիկ կարևորություն ունեցող հայ-թուրքական սահմանը: Այդ նա էր, որ տեսավ Մոսկվայում հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման կարևորությունն ու դրա աշխատանքներին Հայաստանի ունենալիք մասնակցության անհրաժեշտությունը` հասնելով այնտեղ մեր ներկայացուցիչն ունենալուն: Միաժամանակ այդ նրա օրոք էր, որ բացահայտվեցին աղմկահարույց, պատվիրված սպանություններ, պետության դեմ ուղղված հանցագործություններ, վնասազերծվեց լրտեսական ցանց:

Անվտանգության գեներալ-գնդապետին առհասարակ բնորոշ էր կրիտիկական պահերին ակնթարթորեն կողմնորոշվելն ու որոշումներ կայացնելը, երկրի անվտանգային խնդիրներով անհանգստացած` ասելիքի ու անելիքի մեջ հատու ու չոր լինելը: Այդ նա էր, որ, առանց վարանելու, կառավարության նիստում (2015թ.) բարձրաձայնեց իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած անվստահության մասին, ինչը հետևություններ անելու, սթափվելու ուղղակի կոչ էր:

Գ. Հակոբյանը խստապահանջ ղեկավար էր, ասկետիկ կյանքի հետևորդ, նույնը պահանջում էր և աշխատակիցներից: Նա պրոֆեսիոնալիզմի ջերմեռանդ պաշտպան էր, այդ որակը բարձր գնահատող անձ, կառույցի հեղինակության մասին մշտապես հոգացող, կողմնակի միջամտությունների առջև արգելապատնեշ դրած ղեկավար: Նաև այս հատկանիշների շնորհիվ էր նա ընդօրինակելի ղեկավար ուժային բլոկի մյուս կառույցների ներկայացուցիչների համար:

Ելնելով ԱԱԾ-ի ռազմականացված, փակ տիպի հաստատություն լինելու իրողությունից` Գ. Հակոբյանը միանգամայն օրինաչափորեն պահպանողական էր մամուլի հետ շփման, ամեն ինչը պատեհապաշտորեն հանրայնացնելու հարցերում, մշտապես հոգ էր տանում կառույցի շարքերը անաղարտ ու մաքուր պահելու համար: Նրա համար կայուն սկզբունք էր համակարգում առաջխաղացումները ներսի աշխատակիցներից անելը, կտրականապես դեմ էր դրսից գործուղվող կադրերի նշանակմանը, հետևողական էր աշխատակիցների մասնագիտական որակները բարձրացնելու խնդրում:

Գ. Հակոբյանի արտաքուստ կոշտ ու կոպիտ պահվածքի տակ թաքնված էր նուրբ ու զգայուն սիրտ: Նրան տիպական էր Գյումրվա անսպառ հումորը, քաղաքի, որ պատվավոր այրը լինելու կոչումը կրում էր անթաքույց հպարտությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել