ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը «Անտեսանելի ճակատի մարտիկները» պատմությունների շարք է սկսել, որի շրջանակներում ներկայացնում է Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ «Գ.Գ.-ն» խորագրով հերթական պատմությունը․
«Թիկունքում ունենալով իրավաբանի գերազանցությամբ ավարտած համալսարանական կրթություն` Գրիգոր Գրիգորյանը (1935-2020թթ) ԵՊՀ-ում ունեցած չորսամյա դասախոսական գործունեությունից աշխատանքի է անցնում պետական անվտանգության համակարգ: Ոլորտում 20-ամյա փայլուն գործունեությունը ընդմիջվում է նրանով, որ օպերատիվ բաժնի պետի պաշտոնից տեղափոխվում է Ներքին գործերի նախարարություն, նշանակվում նախարարի տեղակալ: Սա երկրի կյանքում այն ժամանակահատվածն էր, երբ պետական, կուսակցական մարմինների հրահանգմամբ ՆԳՆ-ն ուժեղացվում էր անվտանգության համակարգում իրենց լավագույնս դրսևորած կադրերով:
1990-1991թթ. Գ. Գրիգորյանին է վստահվում երկրի համար առանցքային նշանակության պայքարի ճակատ. Գ. Գ. մականունին վաղուց տեր դարձած անվտանգության գեներալ-մայորը Գորիսի և Մեղրիի հատուկ շրջանների արտակարգ իրավիճակի պարետն էր: 1992-ին ՀՀ նախագահի հրամանով նա արդեն ՀՀ պաշտպանության նորաստեղծ նախարարության ղեկավարի տեղակալն էր, սահմանապահ զորքերի հրամանատարը: Այս նոր որակում անգնահատելի է նրա գործունեությունը սահմանապահ զորքերի ստեղծման գործում:
Հաշվի առնելով Գ. Գ.-ի բացառիկ կազմակերպչական ջիղը` 1993-ին նրան է վստահվում Պաշտպանության նախարարության հետախուզության կառույցի ստեղծումը: Հանձնարարությունը փայլուն կատարած հետախուզության վարչության պետը շուտով վերադարձվում է հարազատ ազգային անվտանգության համակարգ` նշանակվելով Ազգային անվտանգության նախարարի տեղակալ (1995-2003թթ.), ապա` նախարարի առաջին տեղակալ` աշխատելով մինչև 2005 թիվը: Կյանքի վերջին տարիներին վաստակաշատ հետախույզը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի նախագահն էր:
Գ. Գրիգորյանը 1988-1994թթ մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության և ԼՂՀ ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Հատկանշական է, որ վերջինիս պարագայում ճակատագիրը ևս երկու անգամ է նրան առերեսել հայրենի եզերքին: Առաջին առնչման շարժառիթը ծննդավայրն էր` Հադրութը, երկրորդը պայմանավորված էր անցած դարի 30-40-ական թվականներին Արցախում լեգենդար հերոսականությամբ աչքի ընկած հոր` Գարեգին Գրիգորյանի գործոնով, ում կյանքն ու գործն էլ ուղեցույց ունենալով` ընտրեց նույն ճանապարհը:
Ազգամիջյան հարաբերությունների սրման առաջին իսկ օրից Գ.Գ.-ի վրա դրվել են Հայաստանի սահմանամերձ 12 շրջանների պաշտպանության, անվտանգության, հասարակական կարգի ապահովման հարցերը (դրանց հաջող լուծմանն էապես նպաստել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ աղետի գոտու պարետի որակում նրա կուտակած փորձը): Պատերազմական տարիներին Գ. Գ.-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման, այդ թվում հատուկ գնդի կազմավորման գործին`երկու անգամ դառնալով ֆիդայական խմբերից կազմավորված այդ գնդի հրամանատարը: Նկատենք` հատուկ գունդն առաջին զինվորական միավորումն էր, որի հենքի վրա կազմավորվեցին Հայաստանի զինված ուժերը: Մեծ է նրա ավանդը նաև ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ստեղծման մեջ: Այն բացառիկ նշանակություն ունեցավ, ունի տեղում մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման գործում:
Գ.Գ.-ն միշտ ծառայել է այնտեղ, որտեղ բարդ ու դժվար է եղել, որտեղ պահանջվել են ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, կազմակերպչական փայլուն ունակություն, համարձակություն, վճռականություն, կամք ու արիություն, այլև` շրջահայացություն: Ի դեպ նա Ազգային ժողովի շենքում էր 1999թ. հոկտեմբերի 27-ին` ակտիվորեն մասնակցել է զինված հանցագործների հետ բանակցություններին, նրանց զինաթափմանը:
Գ. Գրիգորյանը 2010 թվին ընտրվել է Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի իսկական անդամ: Իր կեսդարյա անբասիր մասնագիտական գործունեության համար արժանացել է շուրջ երկու տասնյակ շքանշանների ու մեդալների, երկու անգամ պարգևատրվել անվանական զենքով: Նա ԽՍՀՄ ՊԱԿ-ի պատվավոր աշխատակից էր, «Մարտական ծառայության համար» մեդալակիր (1998թ.), սակայն այս ամենի կողքին ոչ պակաս արժեքավոր են նրա նկատմամբ շրջապատի սերն ու հարգանքը:
Գ. Գրիգորյանը բնության, կենդանական աշխարհի ջերմ սիրահար էր և այդ սերը կարողացավ փոխանցել աշխատակիցներին: Այդ նրա ջանքերով, ակտիվ մասնակցությամբ հիմնադրվեց ԱԱԾ վարչական շենքի մերձակա այգին իր պտղատու ծառերով: Կյանքի վերջին տարիներին նա զբաղված էր ակտիվ հուշագրությամբ: Վարպետ գրչով արված այդ հրապարակումներն իրենցից տեղեկատվական, փաստական, պատմական լուրջ արժեք են ներկայացնում»: