Դատավորը ստիպված էր հետաձգել դատական նիստը

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի քննությունը:

Գործով պաշտպաններ Ավագ Լալայանը, Միհրան Պողոսյանը և Երեմ Սարգսյանը երեկ դատարան դիմում էին ներկայացրել` նշելով, որ փաստաբանների երկօրյա գործադուլի պատճառով չեն մասնակցելու դատական նիստերի: Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Նրանց չներկայանալու մասին դատարանը տեղեկություն չուներ: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը ևս չէր ներկայացել դատարան` միջորդելով հետաձգել դատական նիստը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը ստիպված էր հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին: Գործով դատարան ներկայացած վկաները կհարցաքննվեն հաջորդ անգամ:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել