Արտակ Բեգլարյանը Կալիֆորնիայում քննարկումներ է ունեցել Արցախի հետ հարաբերությունների խորացման մասին

Արցախի Հանրապետության  պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ եմ ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ:

Շնորհակալություն եմ հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը:

Ընդգծել եմ, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել:

Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները:

Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:

Հանդիպումների մասին այս (https://bit.ly/3BvllXK) ու պաշտոնական մյուս հաղորդագրությունները ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջում են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել