Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ եմ ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ:
Շնորհակալություն եմ հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը:
Ընդգծել եմ, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել:
Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները:
Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:
Հանդիպումների մասին այս (https://bit.ly/3BvllXK) ու պաշտոնական մյուս հաղորդագրությունները ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջում են»։