Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 1-ին հայցադիմումը դատարանում է․ գործը վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ գործով անցնում է Սերոբ Հարությունյանը, ով պաշտոնավարել է նաև ոստիկանությունում՝ զբաղեցնելով նաև Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնը, 2016-2018 թվականներին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետն է եղել։ Այս պաշտոնից ազատվելուց հետո նա զբաղեցրել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետի պաշտոնը։

Դատախազությունից հայտնում են, որ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից  և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

    • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
    • «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ,
    • «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ,
    • «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ,
    • 14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:  

Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ,
  • «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ:

Նշենք, որ Անուշ Անտոնյանը նրա կինն է, Հարություն Հարությունյանը՝ որդին։

 

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը հանրությանն առավել հայտնի դարձավ 2020 թվականին, երբ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Սուրեն Պապիկյանը (ներկայիս փոխվարչապետ) թաքցրել է իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։

Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Արդեն 2021 թվականի մարտին պարզ դարձավ, որ Հարությունյանն արդարացվել է․

«Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել, իրականացվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Ի վերջո, հաստատվեց, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել, ուստի նրա նկատմամբ այդ կապակցությամբ կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այսինքն, Սերոբ Հարությունյանն արդարացվել է, ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և պետք է ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը»,- գրել էր նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Քրեական գործի մասին Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին

«Այսպես, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից` առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործությունը հիմնավորելու համար բացի արարքից անհրաժեշտ է հիմնավորել, որ պաշտոնատար անձն ունեցել է որևէ շահագրգռվածություն, ինչպես նաև պետք է հիմնավորել, որ հանրորեն վտանգավոր հետևանքը վրա է հասել պաշտոնատար անձի արարքի հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ս. Հարությունյանի կողմից վերը նկարագրված գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Ս. Հարությունյանը, այսինքն` չի հաստատվել, որ վերջինիս կողմից ստացված` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկատվությունը պահվել, որևէ կերպ օգտագործվել կամ տարածվել է նրա կողմից կամ նրա գործողությունների կամ անգործության հետևանքով:

Նկատի ունենալով, որ չի հաստատվել Ս. Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի պարտադիր հատկանիշների` սուբյեկտիվ կողմի և արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, 2021 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել