Արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար կտրվի ամսական 20 000 դրամ։
Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա, որին կցվում է այն ծառայողների ցանկը, որոնք կատարելու են իրենց հիմնական աշխատանքից դուրս աշխատանքներ։
Փոխհատուցման տրամադրումը կիրականացվի տվյալ տարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանի պահանջների՝ պրոբացիայի ծառայողը Զեկույց կազմելու նպատակով՝
- առնվազն մեկ անգամ այցելում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման և դատապարտյալի հետ զրույց ունենալու նպատակով.
- հանդիպումներ է ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի հետ.
- հանդիպումներ է ունենում դատապարտյալի ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ.
- մասնակցում է Զեկույցի հետ կապված դատական նիստերին:
Նշվում է, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնելու ընթացքում Ծառայության տարածքային մարմնից համապատասխան քրեակատարողական հիմնարկ այցելություններ կատարելու նպատակով պրոբացիայի ծառայողն իր միջոցների հաշվին կատարում է տրանսպորտային ծախսեր:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: