Մենք օտարին սիրել ենք միշտ, բայց չենք օտարացել, չենք խառնվել․ Տեր Զարեհ քահանա Աշուրյան

Եկեղեցին մեզ համար ազգային է, քանի որ  այն հայ մարդու հոգեկերտվածքի անբաժան մասն է կազմում, և Եղիշեն ասում է՝ քրիստոնեությունը մեզ համար զգեստ չէ, այլ մեր մաշկի գույնն է։ Քրիստոնեությունը ներկայացված է եկեղեցու դեմքով։ Այս մասին Իրավաբան.net-ի «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում ասաց Արարտյան Հայրապետական թեմի Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

– Հայ առաքելական եկեղեցուն անվանում են նաև ազգային եկեղեցի։ Ինչու՞ և ո՞ր պահից այն դարձավ ազգային։

– Եթե Ձեր հարցադրումը նայենք հոգևոր կյանքից ներս, հոգևոր աչքերով, միանշանակ քրիստոնեությունն ազգային լինել չի կարող, այն համամարդկային արժեք է։ Բայց մեր պարագայում եկեղեցուն ազգային տիտողսը տվել ենք այն բանի համար, որ եկեղեցին անմիջական ներգրավվածություն ունի ազգային բոլոր ոլորտներում, բոլոր շերտերում, բոլոր ժամանակաշրջաններում։ Սկսած քրիստոնեության ընդունումից՝ եկեղեցին դարձել է ազգային մեզ համար։

– Ի՞նչ ասել է՝ ազգային ինքնություն։ Դրա ձևավորման և պահպանման գործում եկեղեցու դերը ո՞րն է եղել և այժմ էլ ո՞րն է։

– Առհասարակ, երբ ասում ենք ազգային, նախևառաջ հասկանում ենք հոգևոր-մշակութային առանձնահատկությունները՝ պայմանավորված պատմության ընթացքում և՛ դժվարությունները, և՛ փորձությունները համատեղ կիսելու կարողությամբ։ Բաբելոնի աշտարակաշինությունից հետո Աստված ըստ ազգերին բաժանեց ըստ լեզուների։ Ամեն ազգ իր հայրենիքը ստացավ Աստծուց՝ որպես պարգև, և այդ հայրենիքի տարածքում ձևավորվեցին ազգերի ինքնությունները, առաջին հերթին՝ մշակութային և հոգևոր իմաստով։

Երբ մենք ասում ենք ազգային, հասկանում ենք հոգեմշակութային ինքնուրույնությունը։ Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյա զավակների համար ազգային ինքնությունն անբաժանելիորեն ընկալվում է մեր եկեղեցու, մեր հավատալիքի հետ միասին, որովհետև բոլոր ժամանակներում եկեղեցին իր ազդեցությունը մեծապես ունեցել է։ Եվ կարելի է ասել, որ եկեղեցու ազդեցությունը մեր մշակույթի կերտման վրա շատ մեծ է եղել։

– Մեր պատմության ողջ ընթացքում կորցրել ու վերկանգնել ենք մեր պետականությունը՝ չձուլվելով այլ ազգերի։ Հայրենիքի, պետականության պահպանման գործում ի՞նչ դեր է ունեցել եկեղեցին մեր պատմության ընթացքում։

– Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ, մեկ լեզու․ այս սկզբունքը շատ կարևոր է։ Ընդունելով քրիստոնեությունը՝ Տրդատ թագավորը գիտակցում էր, որ մարդու կյանքում ոչ միայն հոգևոր զարթոնք և վերելք է լինում, այլ նաև այդպիսով ազգային անվտանգության հարց էր լուծում։ Քրիստոնեության առանձնահատկությունը թույլ չի տալիս ձուլվել օտարներին։ Եվ երբ մենք մեր ազգին վերագրում ենք որոշակի առանձնահատկություններ, մարդիկ կան, որ դատում են, ասում են՝ հնացած բաներ են դրանք, պետք չեն, բայց՝ ո՛չ, այդ առանձնահատկություններն այն միջոցներն են, որ մեզ թույլ չեն տալիս, որ ձուլվենք օտարներին։

Մանավանդ մեր ազգը, որ փոքր է և միշտ հալածանքների և դժվարությունների միջով է անցնում, մենք չենք կարող մեզ շռայլություններ թույլ տալ, լիբերալիզմ և նմանատիպ ուրիշ երևույթներ։ Մենք երբեմն պետք է պահպանողական լինենք, պահպանողական մեր մշակույթի, ավանդույթների առումով, մեր արմատներին հավատարիմ լինենք, որ մեր տեսակը պահենք, չձուլվենք։ Հայ եկեղեցին դրա ջատագովն է եղել։ Մենք օտարին սիրել ենք միշտ, բայց չենք օտարացել, չենք խառնվել օտարի հետ և մեզ համար օտար դարձել։

Տարբեր ժամանակներում մենք կորցրել ենք պետականություն՝ և՛ քրիստոնեության ընթացքում, և՛ քրիստոնեությունից առաջ։ Կարելի է ասել՝ հայոց պետականություն շատ քիչ ժամանակ ենք ունեցել։ Եկեղեցին քրիստոնեության ընդունումից հետո իշխանության բացակայության ժամանակ իր վրա է վերցրել ազգային ամբողջ լուծը։ Ի պատիվ եկեղեցու՝ մենք կարողացել ենք հարաբերություններ ստեղծել բարբարոս ազգերի հետ, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ դաժանությամբ։

Եկեղեցին կարողացել է դիվանագիտական ճիշտ հարաբերություններ ստեղծել գերտերությունների հետ և անգամ առևտրային հարաբերություններ ունենալ։ Եվ այս ամենը եկեղեցին արել է շատ լավ, դրա արդյունքում՝ եկեղեցու նեղ անձնական շահը տուժել է, բայց ազգայինը ապահովվել է։ Մեր հայրապետները հերոսներ են եղել, որոնք ոչ մի բանից չեն վախեցել՝ ոչ հալածանքից, ոչ մահվան երկյուղն են ունեցել, ոչ մի պատիժ չի ընկճել նրանց, որ լինեն ազգի կողքին, քրիստոնեական արժեքներին հավատարիմ և ազգային գաղափարների մեջ առաջ տանեն մեր ժողովրդին։

– Տեր Զարեհ, բոլորս գիտենք, որ արտերկրում հայեր են ապրում, որոնք երրորդ, չորրորդ սերունդն են արդեն, որոշները կարող է հայերեն էլ չխոսեն, նույնիսկ հնարավոր է չիմանան նաև հայոց պատմությունը, սակայն կանոնավոր կերպով հաճախում են Հայ առաքելական եկեղեցի` փորձելով պահպանել իրենց հայ լինելու ինքնությունը։ Խոսենք նաև այս մասին․ Սփյուռքի համար ինչ դերակատարում ունի եկեղեցին։

– Սփյուռքի համար հայ եկեղեցին հայ օջախ է, որտեղ հայը գնալով՝ հայ է մնում։ Տրանսնացիոնալիստական տարբեր ճնշումների կամ գաղափարախոսությունների ազդեցության տակ երբեմն մարդիկ ձուլվում են օտարության մեջ։ Օրինակ՝ ժամանակակից եվրոպական շատ ազգեր ձուլման վտանգի առաջ են կանգնած։ Նրանք չունեն մոնոէթնիկությունը, միատարր չեն ազգաբնակչության առումով։ Նրանց համար նորմալ են խառնամուսնությունները, մշակութային հիբրիդացումը։

Բայց մեր պարագայում շատ հետաքրքիր և շատ զարմանալի ձևով մեր ազգը օտարության մեջ ավելի շատ է ձգտում ազգային, քրիստոնեական արժեքները պահպանել, քան Հայաստանի տարածքում, ինչի ապացույցը Պարսակտանում ապրող հայերն էին։ Նրանք Պարսկաստանում մուսուլմանների մեջ ավելի շատ էին քրիստոնյա, ավելին շատ էին ազգային մտածելակերպով և հայրենասիրական ոգով, քան այստեղ խորհրդային տարիներին ապրող հայ մարդը։ Սա սուբյեկտիվ մոտեցում չէ, այլ իրականությունն է այդպես։ Նույնը հիմա՝ ժամանակակից աշխարհում, թեկուզ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում հայը միշտ հայ է մնում՝ շնորհիվ իր եկեղեցու և հավատքի։

Պիտի ասեմ Խաչատուր Աբովյանի հայտնի արտահայտությունը՝ լեզուս մոռանամ, կրոնս ուրանամ, ինչո՞վ պիտի ասեմ, որ հայ եմ։ Մեր ազգի պարագայում այդ երկու հանգամանքները շատ կարևոր են։

– «Քրիստոնյան սրով չպիտի իր բանը յոլա տանի․ նրա թուրն իր համբերությունն ու հավատն են»,- «Վերք Հայաստանի»-ում ասում է հոգևորականը։ Ի՞նչ կասեք պատմական այս ժամանակաշրջանում՝ 19-րդ դարում, եկեղեցու գաղափարախոսության և 21-րդ դարում եկեղեցու գաղափարախոսության մասին։ Փոփոխություններ կա՞ն։

– Մարտահրավերները տարբեր են, բայց ձևի մեջ է տարբերությունը, բովանդակությունը նույնն է։ Համբերությունն ուժեղ մարդուն բնութագրող հատկություն է, խոնարհությունը հզորներին է հատուկ։ Ի՞նչ է նշանակում համբերել։ Ժողովուրդն ասում է՝ համբերությունը կյանք է։ Իրականում, Սուրբ գրքից է ասում ժողովուրդը, որովհետև Քրիստոսն ասում է՝ ով մինչև վերջ համբերի՝ նա կապրի։ Եթե մենք այսօր չունենք համապատասխան ռեսուրսները, մեզ ի՞նչ է մնում՝ համբերել։ Երբ մենք այդ հնարավորությունը կունենաք, այդ ժամանակ կհաղթենք։ Մեր ժամանակներում, եթե փորձենք կտրուկ քայլերի գնալ, սուր գործողություններ անել, անհամբերության արդյունքում ավելի շատ բան կկորցնենք, քան այս պահին համբերենք, մինչև հարմար պահը հասունանա։

Թեկուզ մարդն ունենա ամենահզոր զենքերը, բայց չունենա հավատ, չի կարող հաղթանակի հասնել։ Կապ չունի՝ ինչի է հավատում մարդը, բայց առանց հավատքի չի կարող, հավատքը մղող ուժ է, առաջ տանող ուժ է։ Եթե զինվորը չհավատա, չի կռվի, հանուն ինչի՞ կռվի։ 

– Տեր Զարեհ, ըստ Ձեզ՝ եկեղեցին ի՞նչ պիտի անի և կարող է անել՝ ներկայիս դժվարին օրերում։

– Եկեղեցին շատ բան է անում, երբեմն եկեղեցու արածի շատ փոքր մասն է նկատվում։ Եկեղեցին ցուցադրական ոչինչ չի անում՝ հավատարիմ մնալով ավետարանական սկզբունքին, որ եթե մի բան պիտի անես, ուրեմն պիտի ծածուկ անես, որ չպատահի այնպես, որ դու քո անձնական շահով դրդված ես անում այդ բարի գործը։ Եկեղեցու առաքելությունը նախևառաջ յուրաքանչյուր մարդու հոգեփրկությունն է։ Մարդուն ապաշխարությամբ Աստծուն մոտեցնել, որովհետև յուրաքանչյուր փրկվող հաղթանակ է չարի դեմ։

Ազգային առումով եկեղեցին բոլոր ոլորտներում ներգրավված է։ Այսօր, գուցե, մի փոքր քիչ՝ հայտնի պատճառներով կամ դեպքերով պայմանավորված, բայց միշտ ներգրավված է ազգային կյանքում, իր զավակների կյանքում, որտեղ որ պատահի։ Երբեք պասիվ դիրքից հետևող չի եղել եկեղեցին, ոչ մի անգամ։ Խնդիրն այսօր մի քիչ այլ է, որ ռեսուրսներ չունենք՝ և՛ նյութական, և՛ մարդկային իմաստով։ Ունենք, բայց բավարար չափի չունենք։ Մենք այսօր հոգևորականների կարիք ունենք։ Այս ամբողջ 140 հազարանոց համայնքում 3-4 քահանայով ենք ծառայում։ Բավարար չէ, որ բոլորին կարողանանք մեր հոգևոր հայրական խնամքը բերել։

Դրա համար ուզում եմ կոչ-հորդորով հանդես գալ մեր ծնողներին, մեր ազգաբնակչությանը, մեր հայրենակիցներին, որ իրենց զավակներին ուղղորդեն ճեմարան՝ ուսում ստանալու և նաև հոգևոր անդաստանը հարստացնելու։ Հեշտ է եկեղեցուն դատել բացթողումների համար, հոգևոր ընկած վիճակի համար, ազգի մեջ ատելության բարձր չափաբաժնի համար։ Միշտ եկեղեցուն մեղադրում են, ասում են՝ դուք պետք է վերցնեք ձեր ձեռքը, դուք պետք է կառավարեք, դուք պետք է առաջնորդեք։ Այո, մենք գիտակցում ենք, որ մենք առաջնորդող ենք, որովհետև հայրը պետք է առաջնորդի, բայց այսօր մենք այդ խնդիրն ունենք, դրա համար հորդորում եմ, որ ծնողներն իրենց զավակներին ուղղորդեն ճեմարաններ, որ լավ հոգևորականներ ունենանք և կարողանանք այդ հարցերը միասնաբար հաղթահարել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել