Անվտանգությունը՝ ըստ կառավարության ծրագրի․ բանակ, հայ-ռուսական ռազմավարական դաշինք, ՀԱՊԿ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, սահմանապահ զորքեր․․․

Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը․

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են.

Հայոց արդիականացվող բանակը

Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և  բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը

Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության միջև  բարեկամության, համագործակցության և  փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև  հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և  Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսասատանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և  աշխատել պայմանագրային և  փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և  համատեղ նպատակները:

Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը

Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք:

Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և  կենսական շահերի հաշվին:

Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և  փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և  2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և  Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և  անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և  Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և  արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը

Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և  կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և  բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և  արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և  բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:

Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը

Հայաստանի Հանրապետության ներքին և  արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և  հասարակության վստահությունը վայելող Ազգային անվտանգության մարմինների առկայությունը:

Հետախուզության, հակահետախուզության և  ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և  գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և  որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և  մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետև՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝

  • սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում,
  • սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,
  • պետական սահմանի ինժեներական կահավորում,
  • սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել