Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:
Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը․
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են.
Հայոց արդիականացվող բանակը
Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:
Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:
Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսասատանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:
Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները:
Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք:
Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը
Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:
Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը
Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող Ազգային անվտանգության մարմինների առկայությունը:
Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետև՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝
- սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում,
- սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,
- պետական սահմանի ինժեներական կահավորում,
- սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:
Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: