Դատավորին զարմացրեց Վահե Ավետյանի հետ «Հարսնաքարում» եղած ազգությամբ հայ կնոջ՝ հայերենին չտիրապետելը

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի քննությունը: Դատական նիստը սկսվեց սահմանված ժամից ուշ:

Այսօր դատարան էր ներկայացել վկա Դիանա Նավոյանը, ով «Հարսնաքար»-ում եղել էր Վահե Ավետյանի հետ: Վերջինս որպես վկա ցուցմունք էր տվել նաև նախաքննության ընթացքում:

Նա դատարանին հայտնեց, որ ինքը չի տիրապետում հայերենին, հաղորդակցվում է միայն ռուսաց լեզվով: Հարցերից մի քանիսին պատասխանեց մասամբ. բարձրագույն կրթություն ունի, աշխատում է գեղեցկության սրահում, ամուսալուծված է:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատարանի համար անհասկանալի է, թե ազգությամբ հայը ինչպես չի տիրապետում հայերենին, սակայն ընդմիջում հայտարարեց վկայի համար թարգմանիչ հրավիրելու համար:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

 Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել օրենքով սահմանված իրենց իրավունքները:

Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են օրենքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:

 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել