Խորթ հայրը 2-ամյա երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ, բռունցքով հարվածել է նրա գլխին․ երեխան մահացել է

Ռ․Զ․-ին, Ա․Ս․-ին և Ն․Վ․-ին մեղադրանք է առաջադրվել մանկահասակ Ս․Ս․-ի սպանության, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ռ․Զ․-ն 2020թ. նոյեմբերից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Ա․Ս․-ի հետ և վերջինիս ու նրա մանկահասակ որդու՝ 2-ամյա Ս․Ս․-ի հետ համատեղ բնակվել է հոր տանը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ երեխայի չքնելու և լաց լինելու պատճառով վերջիններս հաճախակի գտնվել են անհանգիստ վիճակում։ Երեխայի մայրը, խորթ հայրը և տատը պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, որովայնի, մեջքի, հետույքի շրջանում։

Խորթ հայրը՝ Ռ․Զ․-ն, ակնհայտ հակակրանք է դրսևորել երեխայի նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին։

Ա․Ս․-ն և Ն․Վ․-ն գիտակցելով, որ երեխան ունի դեղահաբերից ալերգիա, երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով, նրան՝ առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով երկու դեպքում խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ։

Ռ․Զ․-ն փետրվարի 6-ին կրկին սկսել է բարկանալ 2-ամյա երեխայի վրա, հնչեցնելով «մեռի, քեզանից պրծնենք այ բիճ, ինչի չես քնում» արտահայտությունը, աջ ձեռքի ափի հատվածով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլացել է, ընկել է բազմոցին։ Խորթ հայրը բազմոցի ծածկոցը գցել է երեխայի վրա, բռունցքով 3-4 անգամ ուժգին հարվածել է նրա գլխի և մեջքի հատվածներին։

Այնուհետև Ռ․Զ․-ն երեխային տեղափոխել է տան ննջասենյակ, մտցրել այդտեղ գտնվող լվացքի մեքենայի մեջ, բռունցքով հարվածել է նրա գլխին։ Երեխան մահացել է գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ, բութ տրավմա ստանալու հետևանքով։

Երեխայի խորթ հայրն ու մայրը կալանավորվել են։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին։ Դատական նիստ դեռ չի նշանակվել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել