Գործադուլին մասնակցող փաստաբանների թիվն ավելանում է

Հանրահայտ է, որ փաստաբանները կարող են մեծ դեր ունենալ դատական իշխանության կայացման գործում` ինչպես դատական գործերում իրենց անմիջական մասնակցությամբ, այնպես էլ դատական համակարգի ու առանձին դատավորների գործունեության նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորմամբ: Փաստաբանական համայնքի կողմից դատական համակարգի տարբեր ճյուղերին տրված գնահատականները, որպես կանոն, ամփոփում են դատարանների հետ առնչված քաղաքացիների կարծիքները, ուստի և` հանդիսանում են առավել անկողմնակալ ու արժեքավոր:

2012 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 փաստաբաններ մեկօրյա գործադուլի միջոցով իրենց բողոքն ուղղեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ որպես դատական համակարգում առկա անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի: Շուտով կլրանա մեկ տարին այն օրվանից, երբ այդ ակցիան տեղի ունեցավ, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, դեռ ավելին`հիմքեր կան ասելու, որ ճգնաժամն էլ ավելի է խորացել:

Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը: Թեև ՀՀ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում շարունակում է շեղվել այդ ուղուց: Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացը շարունակում են մնալ ստվերում և այս կամ այն վճռաբեկ բողոքի` վարույթ ընդունվելու կամ չընդունվելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթակա չէ:

Դատական համակարգի առկա թերությունները որակվել են որպես խիստ մտահոգիչ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից` նրա 2012 թվականի տարեկան զեկույցում: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի բացասական գնահատականները, կապված դատական ատյանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործունեության հետ, զգալի չափով համընկնում են այն մտահոգությունների և գնահատականների հետ, որոնց մասին բարձրաձայնել էին փաստաբանները` 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի միջոցով:

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ` լսելով իր հասցեին հնչած և հնչող քննադատությունները, Վճռաբեկ դատարանը ոչ թե փորձում է պայքարել դրանց պատճառների դեմ, այլ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցնում, հաշվի չառնելով այն պարզ փաստը, որ փաստաբանների կողմից տրվող գնահատականները իրականում այն տասնյակ հազարավոր մարդկանց (այդ թվում` ինչպես դատարաններում պարտություն կրած, այնպես էլ հաղթանակած) միջինացված և ամփոփված կարծիքն է, ովքեր առնչվել են դատական համակարգի հետ նշված փաստաբանների միջոցով: Չարժևորելով փաստաբանների կարծիքը` Վճռաբեկ դատարանը, փաստորեն, բացահայտում է, որ որևէ նշանակություն չի տալիս նաև այդ քաղաքացիների կարծիքին:

Ստեղծված պայմաններում փաստաբաններին այլ բան չի մնում, քան կազմակերպել ու անցկացնել նոր գործադուլ, ցույց տալու համար, որ` չնայած նախորդ գործադուլից հետո
իշխանությունների կողմից տրված խոստումների, Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել:

Հիմք ընդունելով վերը նշվածը և՝

հիշեցնելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլին մասնակցած փաստաբանների կողմից պաշտոնապես հայտարարվել էր, որ` նշված ակցիայի պատճառը հանդիսացած թերությունները չշտկվելու դեպքում մասնակիցները դիմելու են նորանոր ակցիաների,

արձանագրելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլից հետո և մինչ այժմ այդ առումով դրական փոփոխություններ չեն եղել,

հավատարիմ մնալով 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի ընթացքում հռչակված գաղափարներին`

Ստորև հիշատակված փաստաբաններս հայտարարում ենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործոդուլի տարեդարձին` սույն թվականի հունիսի 10-ին և 11-ին, իրականացնելու ենք նոր գործադուլ, որի ընթացքում չենք մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է` իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Կոչ ենք անում մյուս բոլոր փաստաբաններին` միանալ այդ գործադուլին:

06 մայիսի, 2013թ.

Փաստաբաններ՝
1. Գևորգ Դավթյան
2. Լիպարիտ Սիմոնյան
3. Անի Թորոսյան
4. Գարիկ Մալխասյան
5. Մարտին Շիրինյան
6. Ավագ Լալայան
7. Ռոբերտ Մանվելյան
8. Հայկ Հարությունի Հարությունյան
9. Մարատ Կոստանյան
10. Արա Զաքարյան
11. Սամվել Ջաղինյան
12. Մուրադ Ասրյան
13. Հայկ Ալումյան
14. Դավիթ Արզումանյան
15. Բագրատ Վարդանյան
16. Ալինա Ռեվազյան
17. Անահիտ Սաղաթելյան
18. Արմինե Լևոնի Հարությունյան
19. Զարուհի Թամազյան
20. Նարինե Ռշտունի
21. Արմենուհի Գևորգյան
22. Ռուբեն Ռշտունի
23. Նոնա Գալստյան
24. Ստեփան Գրիգորյան
25. Նորայր Նորիկյան
26. Համազասպուհի Գրիգորյան
27. Սյուզաննա Խչեյան
28. Մերի Խաչատրյան
29. Լուսինե Տարիելի Հակոբյան
30. Տիգրան Եգորյան
31. Արսեն Դավթյան
32. Լուսինե Օհանյան
33. Նելլի Թովմասյան
34. Մնացական Սարգսյան
35. Էլզա Զաքարյան
36. Տիգրան Հայրապետյան
37. Տիգրան Մուրադյան
38. Սամվել Վաղինակի Մարտիրոսյան
39. Օլգա Սաֆարյան
40. Սիրանուշ Չալաբյան
41. Կարեն Թումանյան
42. Արթուր Համբարձումյան
43. Համազասպ Ղազարյան
44. Իոնդեմ Դավիթ
45. Տիգրան Աթանեսյան
46. Արմեն Սողոմոնյան
47. Կարեն Մկրտչյան
48. Գեղամ Հակոբյան
49. Ռոմեն Ահարոնյան
50. Ռուբեն Ղազարյան
51. Իրինա Մանուկյան
52. Սեդա Սաֆարյան
53. Արշավիր Խալափյան
54. Գուրգեն Թորոսյան

Փաստաբանների գործադուլի նախաձեռնող խմբի հայտարարությունը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել