Քաղաքապետի կարգադրությամբ, ոստիկանության ուժերի օգնությամբ ապամոնտաժվել են կառուցված ապօրինի կրպակները

Երեկ երեկոյան, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:

Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում:

Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:

Երեւանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ավագանու նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով ապօրինի շինարարությունների մասին, նշեց, որ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում և դրանցում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ պետական մարմիններ, դատական համակարգ․․․։

«Մենք դեպք ենք ունեցե, որ գիշերը մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրման։

Կրպակի տեղադրմանը մասնակցել են 40-50 հոգի մարդ։

Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, իրենք զինված են եղել, ունեցել են տարբեր տիպի մահակներ, դանակներ, և ուղղակի չեն կարողացել կանգնացնել դա։ Դա եղել է 7-8 օր առաջ, ոստիկանության ներկայցությամբ։

Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից 2-ը ոստիկանների ներկայությամբ։ Քանի որ ոստիկանական ուժեր չկային, ոստիկանները զբաղված էին նաև ընտրությունների անցկացման ապահովմամբ, ուղղակի չեն կարողացել դրա դեմն առնել։ Կանգնել են, տեսել, թե ինչ է կատարվում»,-ասաց Հայկ Մարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել