«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը.
«Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու վերաբերյալ:
Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու:
Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի»:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին ուղիղ եթերում քաղաքացիներին հորդորեց գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն։
«Հենց հիմա, վաղը, հատկապես վաղը, ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ բարձրագույն իշխանության կարգավիճակն իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր ընտրությունը, իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման, անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, կատարեք ձեր քայլը, կայացնեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն»,-ասաց նա։