Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնադրվեց թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Դատարանը միջազգային մարմին է, որը կարող է քննել այն անձանց գանգատները, որոնք պնդում են, որ ոտնահարվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կազմված է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից (այժմ` քառասունյոթ):
Դատավորները դատարանում զբաղեցնում են իրենց անհատական պաշտոնները, առանց ներկայացնելու որևէ Պետություն: Նրանք չեն կարող զբաղվել որևէ գործունեությամբ, որն անհամատեղելի է իրենց անկախության, անկողմնակալության և մշտական պաշտոնի պահանջների հետ: Նրանց պաշտոնի ժամկետը լրանում է 70 տարեկանում:
Ինչպե՞ս են ընտրվում դատավորները:
Դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 6-ամյա ժամկետով: Լիակազմ Դատարանն ընտրում է իր Նախագահին, երկու տեղակալներին և երկու ստորաբաժանումների Նախագահներին՝ եռամյա ժամկետով:
Կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր պետություն կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան: Այն պետք է վկայակոչի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում ԵԽ անդամ պետության կողմից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթացը մրցակցային է և դռնբաց: Գործերի փաստարկների հիման վրա անցկացվող լսումները բաց են հասարակության համար, եթե այլապես չի որոշել Մեծ պալատը` հաշվի առնելով բացառիկ պայմանները: Հուշամատյանները և այլ փաստաթղթեր, որոնք կողմերը տրամադրվում են Դատարանի գրանցամատյանին, հիմնականում մատչելի են հասարակությանը։
Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են հանձնվել անդամ երկրների պաշտոնական լեզուներից որևէ մեկով: Դիմումի ընդունելիության պարագային պետք է կիրառվի Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկը: Սակայն Պալատի/Մեծ պալատի նախագահը կարող է որոշում կայացնել տվյալ գործի քննարկումը շարունակել դիմումի ներկայացման լեզվով: